ՀԱՐՑՈՒՄ Ա- Ինչ շնորհներով է պարտավոր, որ լինի եպիսկոպոսը:
ՊԱՏԱՍԽԱՆ- Եպիսկոպոսը պիտի լինի անարատ, պարկեշտ, ուսուցող: Պիտի չլինի արծաթասեր, չլինի արբեցող, չլինի այլոց վաստակներն ուտող, չլինի անպատկառ հագուստներ հագնող, չլինի բռնությամբ վարձ վերցնող, չլինի կաշառք վերցնող, այլ պիտի լինի հանդարտ բնավորությամբ, որպես որ մեր եղբայր եւ գլխավոր Պողոսն ասաց թե` պիտի լինի բարու օրինակ` տքնող եւ պահեցող, հանգիստ քունն ատող, բոլոր կարգերի մեջ օրինակ դառնալով իր հոտին: Եպիսկոպոս ձեռնադրել այն արժանավորներից, ովքեր որ հասու են Սուրբ Գրքերի գիտությանը, Աստծո օրենքներին եւ կարգերին: Տգետներին հեռու պիտի պահել եւ չձեռնադրել այդ պաշտոնում, քանի որ Աստծո մոտ տգիտությունն ավելի խոտելի է, քան ամենայն չարագործություն: Տգիտությունից ավելի պիտի զգուշանալ, քան որեւէ մեկ այլ արատից, քանի որ տգետ քահանան կամ սարկավագը կամ առաքելական մեկ այլ աստիճանավորը Աստծո բարկությունն է շարժում, որովհետեւ բերանն ինչ միտք որ գալիս է, այդ է ասում, իսկ սրտով ամենեւին չի էլ հասկանում, թե ինչ ասաց, եւ այդպես բարկացնում է Աստծուն: ԵՎ նմանը ամենքին վնասատու եպիսկոպոս է դառնում: ԵՎ երբ նման հոգին շարունակ կորուստներ է բերում, պարտ է հեռու մնալ նմաններից եւ ուսումնասերներին ու գիտուններին առաջնություն տալ` ամենայն պատիվներով: Իսկ տգետներին երբեւէ չդնել առաջնորդներ կամ վերակացուներ եկեղեցու որեւէ շնորհի մեջ: Իսկ եթե հանդգնեն նմանին եպիսկոպոս ձեռնադրել հանուն կաշառքի կամ մերձ ծանոթության կամ որեւէ մեկի բարեխոսությունից դրդված, ապա նման եպիսկոպոսը նզովյալ է եւ ինչ վնաս որ ծնի, նույնի պատասխանը պիտի տա Դատաստանի օրվա մեջ, Աստծո վրեժների հագեցմամբ:
ՀԱՐՑՈՒՄ Բ- Որպես է արժան, որ եպիսկոպոսն ինքն իրեն դրսեւորի յուրայինների եւ օտարների առջեւ:
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է եպիսկոպոսին բոլոր հավատացյալներին սիրել եւ իր մերձավորներին առավել չմեծարել, քան այլ հավատացյալներին, թեպետ մերձավորները նրա մարմնավոր եղբայրներից եւ քույրերից լինեն: ԵՎ եպիսկոպոսը կաշառք ամենեւին չպիտի առնի, այլ ինքն իրեն պիտի ընդհանրապես մեռյալ համարի այս աշխարհի համար: Չլինի թե թեթեւ վարքի տեղիք տա` զվարճանալով կամ լկտի որեւէ բան ասելով կամ հրապարակավ որեւէ մեկի հանդիմանելով, առանց հանդիմանվողի հետ առանձին խոսելու եւ ապա երկու կամ երեք վկաների վկայությամբ եւ վարդապետների միությամբ խնդիրը լուծելու: Եպիսկոպոսը հեշտական հանդերձներ չպիտի հագնի եւ երբեւէ որեւէ կարեւոր բան առանց ընկերակիցներին հարցնելու չպիտի անի, որովհետեւ այդ է Աստծուն հաճելի: Եպիսկոպոսն է իր ձեռքով կարգում տեսուչ վարդապետներ, գավառների, քաղաքների տեսուչներ` հավատացյալների հոտը հովվելու: ԵՒ ժողովուրդն էլ պիտի հնազանդվի եպիսկոպոսի կարգած հովիվներին: Ամեն շենում եպիսկոպոսը պիտի կարգի երկու կամ երեք քահանաներ եւ մի սարկավագ, իսկ ագարակներում մեկ քահանա եւ մեկ սարկավագ: Հաշմված որեւէ մեկին չպիտի ձեռնադրել, որովհետեւ երբ մարգարեն արգելում էր արատավորը զոհ մատուցեր, որչա՞փ եւս առավել Տերունական պատարագը մատուցողին է արժան անարատ լինել: Առանց վկաների եւ քննություն կատարելու ոչ ոքի չպիտի ձեռնադրել, որովհետեւ խոտոր ձեռնադրությունները մահաբեր վնասներ են ծնում:
ՀԱՐՑՈՒՄ Գ- Ո՞ր տարիքից է արժան ձեռնադրել քահանաներ եւ սարկավագներ, եւ որքա՞ն ժամանակ նրանք մնան իրենց կարգի մեջ:
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է եպիսկոպոսին քահանաներ ձեռնադրել սկսած նրանց երեսուն տարեկանից եւ նրանք երեսուն տարի մնան իրենց կարգի մեջ, ապա լռեն: Իսկ հիսուն կամ ավելի տարիք ունեցողներին արժան չէ քահանա կամ սարկավագ ձեռնադրել: Ձեռնադրվածներին հրամայել մեկ ամուսնություն, քանի որ այս խնդրի մեջ վայրի անձինք աղճատում են ժամանակներն ու խոսքը: ԵՎ եպիսկոպոսը ինքն իրեն պատրաստի իր ուղեւորությանը` իր լապտերը պայծառացնելով, որպեսզի չլինի թե միայն այլոց մասին հոգալով ինքն անփույթ դառնա` զրկվելով հավիտենական կյանքից:
ՀԱՐՑՈՒՄ- Դ Ի՞նչ օրինակով է պարտավոր հոռիների միջից ընտրել լավին եւ նրան ձեռնադրել:
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է եպիսկոպոսին առաջին հերթին հրաժարվել ձեռնադրել տգետներին եւ տխամարներին, անմիտներին եւ ցոփասիրտներին, վատասիրտներին եւ հափշտակողներին, շնացողներին եւ այլ վատթարություն գործողներին: Այդպիսիներին ամենեւին չձեռնադրելով, եթե ոչ` կբարկացնի Աստծուն:
ՀԱՐՑՈՒՄ- Ե Ի՞նչ օրինակով է պարտավոր հաստատել սուրբ սեղանը եւ որպե՞ս է պարտավոր սպասավորել:
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է, որ եպիսկոպոսը սեղանը քարից հաստատի` խաչի կերպ ու օրինակով եւ այն ծածկի սուրբ կտավներով` խնկարկելով այն ամեն առավոտ եւ ամեն իրիկուն: ԵՎ պատարագի ժամին եւս անխափան խնկարկություն լինի:
ՀԱՐՑՈՒՄ- Զ Որպե՞ս է պատշաճ հացն ու գինին սուրբ սեղան բարձրացնել:
ՊԱՏԱՍԽԱՆ- Պատարագի հացը նույն օրը եփեն եւ նույն օրը մատուցեն: ԵՎ հացը եփեն խաչի դրոշմով: Նույնպես եւ սուրբ բաժակի գինին. սուրբ ամաններով հանեն սուրբ սեղան: Ոչ ոք թող չհանդգնի այդ գինուն ջուր խառնել, քանի որ նման խառնակ գինին Աստվածահաճո չէ, այլ արդյունք է անագորույն մտքերի: ԵՎ ով այդպիսի բան անի, քրիստոնյա չէ եւ նզովյալ լինի, մինչեւ որ իր աղանդից ետ դառնա:
ՀԱՐՑՈՒՄ- Է Որպե՞ս է պարտավոր օրհնել եկեղեցին եւ սեղանը:
ՊԱՏԱՍԽԱՆ- Սեղանը հաստատելու ժամանակ եպիսկոպոսը ժողով գումարի իր քահանաներով եւ նրանց աթոռակիցներով, սարկավագներով ու ժողովրդով հանդերձ: Աղոթքներ մատուցեն տքնությամբ եւ արտասուքներով, սաղմոսներով, մարգարեների եւ առաքելական թղթերի եւ սուրբ Ավետարանի ընթերցանությամբ, եւ սուրբ յուղով օծելով: ԵՒ ապա պատարագ մատուցեն:
ՀԱՐՑՈՒՄ Ը Որպե՞ս է պարտավոր եկեղեցու բացման օրը ժողովուրդը մխիթարություն ստանա կերակուրներով եւ ըմպելիքներով։
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն ժամանակ, երբ եպիսկոպոսը սեղանը հաստատի, արժան է նույն օրը մորթ կատարել, հանուն Աստծո մորթել արջառներ, նոխազներ եւ ոչխարներ, ինչպես եւ կատարեց Սողոմոնը, հաստատելու համար իր կառուցած տաճարի սեղանը, եւ այդ բանը հաճելի եղավ Աստծուն, եւ Տերը խորովածի անուշ բույրը հոտոտեց։
ՀԱՐՑՈՒՄ Թ. Որպե՞ս է արժան, որ ժողովուրդը եկեղեցում աղոթքի կանգնի։
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն ժամանակ, երբ հավատացյալները մի տեղ հավաքվեն Աստծո տան մեջ աղոթելու, բացի աղոթքից այլ բան չխոսեն, միմյանց վրա չքրթմնջան, այլ կանգնեն դեմքով դեպի արեւելք եւ ձեռքերը բարձրացրած խնդրեն արդարանալ իրենց մեղքերից եւ Աստծո արքայությանը դառնալ արժանի. նաեւ այն բարերարություններին, որ այնտեղ են պատրաստված։
ՀԱՐՑՈՒՄ Ժ. Եթե որեւէ մեկը տգիտորեն անարաժան մեկին քահանա ձեռնադրի եւ հետո հայտնի այդ մասին, ի՞նչ է արժան անել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե որեւէ եպիսկոպոս քահանա կամ սարկավագ ձեռնադրի եւ ձեռնադրվողի մեջ հանցանք լինի, որպես որ մարդու համար որեւէ աղտեղությունն է` շնությունը կամ գողությունը կամ սպանությունը: ԵՎ ձեռնադրության ժամին այդ մասին ոչ ոք չիմացավ, եւ ապա հետո ձեռնադրվածը զղջա կամ ինչ-ինչ պատճառներով հանցավորությունը հայտնեն, ապա նա չի կարող սեղանի սպասավոր լինել եւ ոչ էլ պատարագ մատուցել, այլ մնում է նմանին իր հանցանքները դրսում` երկու տասնյակ տարիներ ապաշխարել: Ապա այն է նրան արժան շնորհել, որ բեմի ներքեւում սպասավորություն անի եւ պատվի մեջ մնա բեկված սրտով, մինչեւ օրն իր մահվան:
ՀԱՐՑՈՒՄ ԺԱ Եթե ձեռնադրվածներից մեկը հետո է գարշվում, ի՞նչ է պարտավոր անել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե եպիսկոպոսը մեկին ձեռնադրի եւ մարդն ուղիղ էր, ապա շնացավ կամ գողացավ կամ այլ ինչ վատթարը գործեց, այնպիսին հիմնովին հանվի քահանայական շնորհից եւ նշանից, քանի որ նրան այլեւս անհնար է քահանայանալ, այլ դրսում տասնհինգ տարի պիտի ապաշխարի, ապա երբ եկեղեցի մտնելուն եւ սուրբ պատարագի հաղորդությանը արժանանա, թող մնա եկեղեցու այլ զինվորների մեջ եւ անհնար լինի նրա համար այլեւս բեմ ելնել, եկեղեցում կարդալ կամ սաղմոս ասել` մինչեւ իր մահվան օրը, քանզի պղծեց եւ ոտնակոխեց սուրբ ամուսնությունը: Թող եպիսկոպոսը չհամարձակվի նմանին վերականգնել, քանզի հնար չէ նմանին այլեւս քահանա լինել:
Իսկ եթե եպիսկոպոսը հանուն կաշառքի կամ բարեխոսության կամ մերձավորության այնպիսիին քահանայության հրաման տա, դատաստանի օրը վրեժներ պիտի առնվի նրանից` աններելի տանջանքներով:
ՀԱՐՑՈՒՄ ԺԲ-Ամուսնացյալ քահանան, որ կամենում է պատարագ մատուցել, ինքն իրեն ինչպե՞ս պատրաստի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնացյալ քահանաները, այն ժամանակ, երբ կամենան պատարագ մատուցել, մինչեւ պատարագի մատուցման օրը երեք օր հրաժարվեն իրենց կանանցից: Որովհետեւ եթե առաջավորության հացը քահանաներին առանց նախապես քննելու եւ նրանց սրբության մեջ գտնելու չի տրվում, որչա՞փ եւս առավել պարտավոր է նրանց սուրբ լինել, երբ երկնավոր պատարագ են մատուցում: ԵՎ պարտավոր են սուրբ լինել որպես Աստծո սպասավորներ, ահով եւ դողով նրա առաջ, որպեսզի արժանանան անմահ կյանքին:
ՀԱՐՑՈՒՄ ԺԳ- Իսկ անձամբ ինքը` քահանան ինչպե՞ս պիտի պատրաստվի պատարագին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե մեկը կուսությամբ է քահանայություն ընդունել, այնպիսին լինի տքնող եւ պահեցող: Իսկ այն օրը, որ կամենում է պատարագ մատուցել, պատրաստ լինի ողջ գիշեր տքնությամբ, սուրբ խորհրդի մեջ անցկացնել եւ առանց կեղծավորության, որովհետեւ Աստծո հետ է խորհրդի մեջ մտնում:
ՀԱՐՑՈՒՄ ԺԴ- Արժա՞ն է, որ քահանան երդվի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն քահանան, որ երդվեց, նրան պետք չէ քահանայության մեջ թողնել, որովհետեւ Բանն Աստծո արհամարհեց:
ՀԱՐՑՈՒՄ ԺԵ- Որպե՞ս է պարտավոր, որ լինի քահանան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արժան է քահանային աղքատասեր լինել, քաղցր խոսքով, խորհուրդներ տվող, մեղանչածներին ապաշխարության ուղղորդող, պահքերով եւ աղոթքներով ապրող, կոչվածներին արքայության արժանացնող: Որ Քրիստոսի երեւալու ժամին էլ ամենքից առնի անթառամ պսակը, որ նրա համար երկնքում է պատրաստվում:
ՀԱՐՑՈՒՄ ԺԶ -Նա, ով հավատացյալ եւ մկրտված է եւ ընկավ մեղքերի մեջ, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ. Նրանք, որ մի անգամ մկրտված են ի Քրիստոս, երբեք չլինի թե մեղքերով ընկնեն, այլ իրենց կյանքը վարեն Աստծուն հաճելի, չհարբեն, չերդվեն, չբամբասեն, այլ լինեն որպես Աստծո ժողովուրդ՝ առանց որեւէ կեղծավորության։
ՀԱՐՑՈՒՄ ԺԷ- Նա, ով շնացել է՝ ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ. Թե քրիստոնյաներից մեկը՝ այր, թե կին, շնացավ, իր հանցանքն ապաշխարի եկեղեցուց դուրս՝ երեք տարիներ. տքնելով պահեցողության ու աղոթքների մեջ, լուծումը լինի շաբաթ, կիրակի օրերին եւ տերունական տոներին, մինչեւ երեք տարիների լրանալը, ապա չորրորդ տարվա մեջ նոր արժանի լինի հաղորդության։ Եվ ով որ գողանա՝ նույն պատուհասը կրի։ Իսկ եթե նույն մեղքերը ավելացնեն, կրկին նույն ժամանակով եւ ընթացքով է ապաշխարությունը։
ՀԱՐՑՈՒՄ. Ը- Նա, որ շնանալուց հետո որդեծնությունը վիժեցրել է, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ. Թե քրիստոնյաներից որեւէ մեկը շնացել եւ հետո որդեծնությունը վիժեցրել է՝ Աստծուց երկյուղելը ոչինչ համարելով, քանի որ ¥իր շնության եւ հղիության մասին¤ մարդկանց չհայտնեց, այնպիսիները բազում հառաչանքներով պիտի ապաշխարեն մարդասպանների աստիճանում։
ՀԱՐՑՈՒՄ. ԺԹ- Նա, որ իր սերմն է մարմնից հոսեցնում, ¥պղծվում է օնանիզմով¤ ի՛նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե մեկը անժուժկալաբար ինքն իրեն լլկում եւ իր մարմնից սերմ է հոսեցնում, այնպիսին պիղծ է եւ ապաշխարի շնացողների հետ եւ եթե հավելյալ նույն գործն անի՝ կրկին ապաշխարի: Նմանները ձեռնադրության արժան չեն։
ՀԱՐՑՈՒՄ. Ի- Նա, որ արվի հետ է պղծվում, այնպիսիի համար ինչ է սահմանված։
ՊԱՏԱՍԽԱՆ. Թե որեւէ մեկը պղծվում է արվի հետ, այնպիսին իր կյանքի բոլոր օրերում պիղծ է, նա եկեղեցուց դուրս պիտի ապաշխարի եւ երբ ժամանակը որոշվի՝ այդժամ միայն հաղորդվի։
ՀԱՐՑՈՒՄ. ԻԱ- Եթե ամուսնացածներն են շնանում, ի՞նչ են պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ. Թե մեկը առնակին էր ու շնացավ, նա պիտի եկեղեցուց դուրս տասներկու տարի ապաշխարի` արտասուքներով եւ ամենայն սրբապահությամբ։ Վեց տարին անցնելուց հետո՝ շաբաթ, կիրակի, եւ տերունական տոներին կատարի լուծումը եւ տարվա երրորդ մասը պահք պահի, ապա եկեղեցի մտնի ու հաղորդվի։
ՀԱՐՑՈՒՄ. ԻԲ- Կախարդի հետ որպե՞ս վարվել։
ՊԱՏԱՍԽԱՆ. Կախարդի վրա ուրացողներին վերաբերվող կանոններն են։
ՀԱՐՑՈՒՄ. ԻԳ- Նա, որ շնանա, երեխա ունենա եւ երեխային սպանի, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ. Նա, որ շնացել, մանուկ է ունեցել եւ իր մանկանն սպանել է, մինչեւ իր մահվան օրը ապաշխարի եւ իր մեռնելուց առաջ միայն հաղորդություն ընդունի։
ՀԱՐՑՈՒՄ. ԻԴ- Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը որպե՞ս է արժան պահքը պահել։
ՊԱՏԱՍԽԱՆ. Արժան է, որ քրիստոնյաները չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին պահք պահեն եւ աղոթեն, քանի որ մեր Տիրոջ չարչարանքների օրերն են։ Հարկ է տրտում արցունքներով հիշել Նրա խոնարհությունը՝ գոհանալով Նրանից, որ եկավ եւ իր չարչարանքներով փրկեց մեզ։ Պահել մինչեւ ժամը իննը։
ՀԱՐՑՈՒՄ.ԻԵ- Ո՞րպես կատարել Աստվածային տոները։
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն ժամանակ, երբ հավատացյալները տերունական տոները կատարեն, նախ եւ առաջ ի պատիվ եւ ի սպաս տոնին մեկ շաբաթ պահք պահեն եւ ապա տոնակատարեն։
ՀԱՐՑՈՒՄ. ԻԶ- Որպե՞ս է արժան սուրբ քառասունքը պահել։
ՊԱՏԱՍԽԱՆ. Հավատացյալները սուրբ քառասունքը պահեն սրբությամբ՝ շաբաթով եւ կիրակիով հանդերձ, այն ժամանակ, երբ հասնեն Տիրոջ չարչարանքների օրվան՝ տքնանքների մեջ լինեն եւ անդադար աղոթեն, այդ օրերին թող որ ոչ մի ժպիտ եւ ոչ մեկի երեսին չերեւա, այլ ըստ մեր Տիրոջ՝ միայն արցունքներ, եւ ապա կենարար պասեքը կատարեն եւ ցնծան մեր Տիրոջ հառնելով։ Նրան աղոթքների մեջ փառավորելով, որ մեզ փրկեց իր Հարությամբ եւ տվեց մեզ որ վերնայիններին լինենք երգակից։
ՀԱՐՑՈՒՄ. ԻԷ- Նա, որ շնանալուց հետո որդեծնությունը վիժեցրել է, ի՞նչ է պարտավոր ընդունել։
ՊԱՏԱՍԽԱՆ. Թե քրիստոնյաներից որեւէ մեկը շնացել եւ հետո որդեծնությունը վիժեցրել է՝ Աստծոց երկյուղելը համարելով ոչինչ, քանի որ ¥իր շնության եւ հղիության մասին¤ մարդկանց չհայտնեց, այնպիսիները բազում հառաչանքներով թող ապաշխարեն սպանողների հետ։
ՀԱՐՑՈՒՄ. ԻԷ- Նա, որ պղծվում է անասունների հետ, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ. Նա, որ պղծվում է անսունների հետ, քանի տարեկան որ է, այդքան մնա ունկընդիր, հետո հինգ տարի ձեռքի տակ, ապա նոր մտնի եկեղեցի՝ ժողովրդի մեջ եւ վախճանվելիս՝ հաղորդվի։
ՀԱՐՑՈՒՄ. ԻԸ- Նա, որ Քրիստոսին ուրանա եւ զղջալով ետ դառնա, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ. Իր կյանքի բոլոր օրերում ապաշխարի արցունքներով, պահեցողություններով, աղոթքներով, տնանկներին տուրքեր տալով եւ վախճանվելու ժամանակ հաղորդվի։
ՀԱՐՑՈՒՄ. ԻԹ- Ով իր կամքով մարդ է սպանել, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ. Տասնհինգ տարի մնա ունկնդիր, ապա հինգ տարի՝ ձեռքի տակ եւ ապա անձից ելնելով միայն հաղորդվի։
ՀԱՐՑՈՒՄ. Լ- Նրանք, որ մեկ մոր կաթով են սնվել, բայց միմյանց օտարներ են, նրանց արժա՞ն է արդյոք ամուսնանալ։
ՊԱՏԱՍԽԱՆ. Արժան չէ, քանի որ ծնողը եւ սնուցողը նույնն է։
ՀԱՐՑՈՒՄ. ԼԱ- Եթե ազգականները ամուսնանան, ի՞նչ պետք է անել։
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է նրանց բաժանել եւ ծանր ապաշխարություն կարգել, քանի որ այդ ոչ թե ամուսնություն է, այլ հարակա պոռնկություն եւ Արարչի անեծքի տակ են գտնվում։
ՀԱՐՑՈՒՄ. ԼԲ- Նա, որ ընկերոջ սահմաններն է հափշտակում, ինչի՞ է արժան։
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես որ Աստծո հրամանով Մովսեսը գրեց՝ թող որ նրա վրա իջնեն բոլոր անեծքները եւ նզովյալ լինի թե իր կյանքի մեջ եւ՛ թե մահվան։